Նա դասերը սովորում է հերթական հաղորդման նկարահանումից անմիջապես հետո և մինչ պարի ստուդիա հասնելն ավարտում այն: Հետո օգտվելով մեր քաղաքի անվերջ խցանումներից՝ մեքենայի մեջ մի փոքր բան ուտում, այնուհետև շտապում երգի պարապմունքի... Իսկ տանը, արդեն ուշ երեկոյան, նա հավաքում է դպրոցական պայուսակն ու սպասում հաջորդ ոչ պակաս լարված օրվան... Սա "Հրաշալի յոթնյակ" մանկական հիթ-շքերթի և "Տանը մենակ" նախագծի հաղորդավար 9-ամյա Էլիզաբեթ Դանիելյանի օրվա մի փոքրիկ դրվագն է միայն: Նրա հետ աշխատող փորձառու և ճանաչված մասնագետները նկատում են՝ փոքրիկ Բեթթին օժտված է անսահման հմայքով, աշխատասիրությամբ, տաղանդով, համեստությամբ, համառությամբ, բարությամբ և աննկարագրելի լույսով: Լույս, որի պայծառ ջերմությունը զգացինք նաև մենք. նախ՝ նրա տանը, հետո՝ նկարահանման տաղավարում: